Արաբական իմաստնությունն ասում է` քամիները այն ուղղությամբ չեն փչում, որ ուզում են նավերը: Կյանքում պատահում է, որ քամիներն ընդհանրապես չեն փչում, նավեր էլ չկան, բայց տեղ հասնել է պետք` Ա կետից Բ կետը, իսկ ուղիղ ճանապարհ չկա` ահա և ձեզ 2018-ի պետբյուջեի նախագիծն իր գաղափարախոսությամբ ու նպատակներով։ Եթե չես կարող ամբողջն ունենալ, մասից մի հրաժարվիր։ Ի վերջո, աքսիոմ է, որ համատարած արևոտ օրերից անապատ է գոյանում։ Անապատ մեզ չի սպառնում, մեր բյուջեի նախագծում արև չկա, իսկ եթե կա` տեղ-տեղ ու պահ-պահ:
Հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվեցին 2018-ի պետբյուջեի նախագծի քննարկումները։ Վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց կարճ ու մաղթեց արդյունավետ աշխատանք և լավ տրամադրություն։ Թեպետ լավ տրամադրության հիմքեր չուներ։ Նրա կարծիքով` պետբյուջեի նախագիծը քննարկումների արդյունքում կդառնա «այս պահի դրությամբ մեր երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և մեր զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե 2018 -ի համար»:
ՈՒ ի՞նչ պիտի հասկանանք բյուջեի նախագծից.
1. Այլևս չի ժխտվում, որ Հայաստանի տնտեսությունը ենթակա է արտաքին բացասական ներգործությունների, ավելին` հաստատվում է, որ այդ ներգործությունների պատճառով գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ։
2. Տնտեսական աճի հիմքերը բավարար ամուր չեն՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճի հավակնելու համար:
3. 2017-ի բյուջեն կոչված էր տնտեսական իրավիճակը կայունացնել։ Ենթադրվում է, որ այդ խնդիրը լուծվել է և 2018-ի բյուջեն «կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը»: Առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինը 5 տոկոս տնտեսական աճ, որ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել խնդիրները թե կայուն երկարաժամկետ զարգացման առումով, թե սոցիալական բնույթի:
4. Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, առանցքում ունենալով տնտեսական աճը, անվտանգությունը, սոցիալական նպատակայնությունը:
5. Եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված՝ թե ստվերային տնտեսության կրճատման, թե գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից:
6. Պրագմատիկ հաշվարկների պատճառով արդեն երրորդ տարին է` աշխատավարձի ու թոշակների բարձրացում չկա, առաջիկա տարիներին չի էլ լինելու, թեպետ գնաճը երաշխավորված է։
7. Կշարունակվի պետական կառավարման համակարգի օպտիմալացումը, կլինեն նոր կրճատումներ։ Նոր աշխատատեղերից ավելի մեծ թվով։
Ամբողջ շաբաթ նախարարները պատասխանում էին պատգամավորների հարցերին, իրականում, սակայն, նրանք ասում էին` ինչ պիտի ասեին, անկախ հարցերից: Իսկ հարցերը խուսանավելուց չեն անհետանում: Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ մենք նոր միայն` 2018-ի բյուջեի նախագծով, կանխորոշում ենք «հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը»: Եթե այս ձևակերպումը տուրք չէ մոդայիկ տրենդներին, ջուրն է գցում անցած տասնամյակները, փաստացի մենք չենք զարգացել, նոր միայն «մեկնարկ» ենք տալու։ Եթե ստացվի։ Որովհետև այս նախագիծն էլ տեղավորվում է գոյատևման փիլիսոփայության շրջանակում: Առավել ևս, որ արտաքին բացասական գործոնները կախարդական փայտիկով 2018-ին չեն դառնալու արտաքին դրական գործոններ` ներդրումները մնում են ապրիորի, տրանսֆերտները նվազում են, անվտանգության սպառնալիքները, եթե չեն ավելանում, չեն նվազում։ 2018-ի բյուջեի նախագծով կրճատվել են հատկացումները կրթության, սոցիալական ոլորտներին: Բյուջեն կառավարությունը գերադասում է անվանել «հաջորդ տարիների համար զարգացման հիմքեր ստեղծող իրատեսական բյուջե»: Բայց ո՞ր զարգացման։ Կար ժամանակ հռչակվում էր` հավակնոտ, մինչդեռ բոլոր կառավարությունները սկսում ու ավարտում են գործունեությունը բարեփոխումների ընթացքում, որոնց սկիզբն ու ավարտը անհասկանալի է։ Տպավորությունը, որ խրվել-մնացել ենք տեղապտույտի անժամկետության մեջ, տարեցտարի խորանում է։
Բոլոր վարչապետները կրկնում են բարեփոխումների, բյուջեի կառուցվածքի փոփոխության, տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին, խոստանում են հնարավորն անել: Իրենց քաղաքական համարող գործիչները կոչ են անում՝ գոտիները պետք է ձգել, համբերել ու դիմանալ, և այլն, և այլն։ ՈՒ` ի՞նչ: Տարատեսակ հայտարարություն-հավաստիացումների խորքում իշխանության դասավորումներն ու վերադասավորումներն են, տնտեսական քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե գոյատևման կամ զարգացման տրամաբանության, այլ քաղաքական ուժերի ստատուս քվոն պահելու` եղածն ավելացնելու, նվազագույնը` ոչինչ չկորցնելու հիմքով։ 2018-ի բյուջեի նախագիծը նույն փիլիսոփայությունն ունի, եթե ընդհանրապես կա փիլիսոփայություն։ Փաստացի` «հետագա տնտեսական զարգացումների մեկնարկ» տալը տևելու է մինչև 2022-ը` 5 տարի Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացում չի լինելու` իշխանության վերադասավորումները չեն ավարտվել, Ա-ից Բ կետ ընթացքը կավարտվի 2022-ին: Ընտրություններով:
Իսկ ու՞ր մնացին 850 միլիոն դոլարի ներդրումները, որ 2017-ին պիտի ողողեին տնտեսությունը, աշխատատեղեր ստեղծեին, արտադրություն զարգացնեին։ Պարզվեց` 480 միլիոն դոլարի ներդրումներ, այնուամենայնիվ, կատարվել են` ըստ կառավարության։ Օրինակ` 10 միլիոն՝ թեթև արդյունաբերության ոլորտում, 133` հանքագործության, 55` գյուղատնտեսության, 6` դեղագործության, 5` խմիչքի արտադրության։ 9 ամսում 3300 աշխատատեղ է ստեղծվել, մինչև տարեվերջ այդ թիվը կգերազանցի 5000-ը: Հարց` որքանո՞վ են ներդրումները նպատակային ու արդյունավետ, եթե 480 միլիոն դոլարով ստեղծվել է ընդամենը 3300 աշխատատեղ։ Ինչու՞ են այդ միլիոնները հատվածավորվել և չեն ծառայել գոնե մեկ ստեղծարար ճյուղի զարգացմանը, ասենք, «Նաիրիտի» վերաբացմանը։ Պաշտոնական տվյալներով` 2017-ի հունվարից սեպտեմբեր Հայաստանից 600 մլն դոլար գումար է դուրս բերվել: Տարեվերջին գուցե հասնի մեկ միլիարդի: Հայաստանից կապիտալը հանում են ոչ միայն հայկական ընկերությունները, խոշոր բիզնեսը, այլև օտարերկրյա ընկերությունները, հիմնականում՝ ռուսական: Շնորհազրկված օլիգարխները տեղափոխում են կապիտալը և պատրաստվում հեռանալ երկրից, ռուսական ընկերությունները տանում են շահույթը և նոր ներդրումներ չեն անում իրենց ոլորտներում: Հայաստանի շուկան փոքր է, բայց խնդիրը փոքրությունը չէ, այլ տնտեսության կառուցվածքը, իշխանության ու բիզնեսի սերտաճումը: Հայաստանում տնտեսությունը չի ենթարկվում շուկայի օրինաչափություններին, կարգավորվում է ներքին պայմանավորվածություններով: Փաստացի` Հայաստանում փող կա (վերջին 10-15 տարում Հայաստանից դուրս է բերվել 12 միլիարդ դոլար), բայց այդ փողը իշխանության ու ռուսական կորպորացիաների ձեռքում է, իսկ նրանց խնդիրը, ինչպես պարզվում է, պետության զարգացումը չէ, այլ անձնական հարստացումը։
2018-ի պետբյուջեի նախագիծը նախատեսում է 5,5 հազար բյուջետային աշխատողի կրճատում` իբրև օպտիմալացում: Ճիշտ քայլ է` նկատի ունենալով պետական կառավարման համակարգի աննախադեպ ու կուսակցական նկատառումներով տարեցտարի ուռճացումը։ Բայց այս տարբերակով խնայված գումարը որևէ սկզբունքային հարց չի լուծում: Հայաստանին պետք են իրական ու նպատակային բարեփոխումներ: Բոլոր համակարգերում: Առաջին հերթին` քաղաքական: 5,5 հազար պաշտոնյայի պաշտոնանկությունը չէ փրկությունը։ Այլ` բարեփոխումների տրամաբանության փոփոխությունը. եթե 80-100 000 դրամ աշխատավարձին ևս 10-20 000 դրամ ավելանա, որակական փոփոխություն չի բերելու` նկատի ունենալով 2018-ին նախատեսվող ու արդեն սկսված գնաճը։ Այդպես «մեկնարկ» չի տրվում։ Իսկ եթե տրվում է, նոր արտագաղթի մեկնարկ` ի հեճուկս 2040-ին 4 միլիոն բնակչություն ունենալու ծրագրի։ Փաստացի` Հայաստանի 14-րդ կառավարությունը ևս, որ ապրիլին հրաժարական է տալու, հայտարարում է իրավիճակը փրկելու քաղաքականություն, բայց ինքը պատասխանատու չէ այդ քաղաքականության իրականացման համար։ Առավել ևս, որ այդ քաղաքականությունը ծրագրվում է այն մարդկանց հաշվին, որ առանց այդ էլ կորցնելու ունեն միայն «շղթաները»։ Նորից հասարակության հաշվին փորձ է արվում հաղթահարել կառավարման ճգնաժամն ու արտաքին անբարենպաստ կոնյունկտուրայի պայմաններում հասնել օպտիմալ լուծման: Կամ էլ` բարեփոխում կատարողները տարբեր պատճառներով ի զորու չեն իրականացնել իրենց մտադրությունները, բայց և չեն հեռանալու: Իսկ եթե հեռանան, նրանց փոխարինելու են նույն «բարեփոխիչները» առանց քաղաքականության փոփոխության։ Արաբական իմաստնությունը ասում է` լավագույն տիրակալը նա է, ով տիրապետում է ինքն իրեն։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ի վերջո, Կարեն Կարապետյանն ու նրա կառավարությունը խորհրդարան են ներկայացրել մի բյուջեի նախագիծ, որի 12 ամիսներից պատասխանատու են առավելագույնը երեքուկես ամսվա համար։ 2018-ի ապրիլից Հայաստանն ունենալու է նոր վարչապետ ու նոր կառավարություն, հետևաբար` նոր ծրագիր: Բայց քաղաքական փոփոխությունից տնտեսական թվերը չեն փոխվելու։ Համենայն դեպս` ներդրումների մասին. «Երևանն ու Մոսկվան մշակում են համատեղ ներդրումային ֆոնդի շրջանակում ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզ, միջոցները կարող են ուղղվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ու էներգետիկայի ոլորտներում ծրագրերի ֆինանսավորմանը»` ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում: Հայ-ռուսական ներդրումային ֆոնդի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2017-ի հունվարին, նրա գործունեությունն ուղղված է այն ոլորտների ֆինանսավորմանը, որ կարող են ապահովել երկու երկրների առևտրաշրջանառության աճ, ներմուծման փոխարինում, արդյունաբերական կոոպերացիայի զարգացում: «Ինչ վերաբերում է ռուս-հայկական ֆոնդին՝ մենք շարունակում ենք աշխատանքը: Վերջերս նրա ներկայացուցիչները եղել են Հայաստանում: Եթե խոսենք ներդրումների համար ոլորտների մասին, դրանք են՝ ՏՏ-ն, էներգետիկան, բարձրտեխնոլոգիական արտադրությունը… Այժմ կողմերն աշխատում են ճանապարհային քարտեզի ձևավորման վրա»,- ասել է նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ զուգահեռ Հայաստանում ստեղծվել են ևս 2 ներդրումային ֆոնդեր` Համահայկական ներդրումային ֆոնդը և «Հայաստանի ներդրողների ակումբը»: «Նոյեմբերի 13-ին այս ֆոնդը Երևանում կազմակերպելու է մեծ շնորհանդես՝ ներդրումային ծրագիր սկսելու մասին (1 միլիարդ դոլարից մի փոքր ավելի): Դրանք ներդրումներ են հիմնականում Հայաստանի էներգետիկայի ոլորտում, որ ներառում է և Հայաստանի էլեկտրական ցանցերի արդիականացումը, և նոր հիդրոէլեկտրակայանի կառուցումը, և Schneider Electric հայտնի ընկերության էներգետիկների համար արտադրանքի կազմակերպումը: Ես կարծում եմ, որ այդ արտադրանքը կգտնի իր սպառողին նաև ռուսական շուկայում»:
Ձեզ ոչինչ չի՞ ասում, որ ռուսական ներդրումների մասին խոսում է Սերժ Սարգսյանը, թեև դա Կարեն Կարապետյանի ակտիվից էր: Փաստ է, որ նոր ներդրումներն ունենալու են հստակ արտաքին ուղղվածություն և փող են աշխատելու ոչ Հայաստանի համար, լուծելու են սոսկ հնի նորացման խնդիր: ՈՒ՞ր մնաց անպարագիծ սերը, որ իշխանությունները տածում են առ Հայաստանն ու հայաստանցիները` ամեն ընտրությունների երդվելով անմնացորդ ծառայել ի նպաստ, ի փառս, ի բարօրություն… Ե՞րբ է գալու 2022-ը, միայն չասեք 5 տարի հետո: Դա թվաբանություն է, իսկ Հայաստանին հեռանկար է պետք` քաղաքական ու մարդկային զարգացման։ Քունը չի փրկի, եթե հոգնել է հոգիդ։ «Մեկնարկներից» ձերբազատվելու ու սկսելու համար արթնանալ է պետք։ Որքան շուտ` այնքան արագ` Ա կետից Բ-ին հասնելու ճանապարհին, թեպետ աշխարհը վաղուց Գ կետն ու Դ կետն էլ է անցել։ ՈՒ` չի սպասելու դեգերողներիս։